Շախմատը կրթական գործընթացի մաս դարձնելը, թերևս, առաջադիմական կարևոր քայլ է։ Իսկ ասել, որ «Ուսում»-ում այն կարևորվում է, կնշանակի ոչինչ չասել։
Այն աշակերտի մոտ զարգացնում է արագ մտածելու հմտությունները, սովորեցնում կողմնորոշվել ժամանակի մեջ, դրսևորել համբերատարություն, կարողանալ կառավարել հույզերը, հաղթանակներն ու պարտություններն ընդունել արժանապատվորեն։
Իսկ որտե՞ղ կիրառել դասաժամերի ընթացքում ձեռք բերած այս հմտությունները։ Դպրոցականների օլիմպիադան լավագույն հարթակն է դրա համար։ Այսօր ավարտված Դպրոցականների օլիմպիադայի շրջանակներում 7 խաղային օրերի արդյունքում մրցաշարային աղյուսակը ստացել է մեզ համար պատվաբեր դասավորություն։
Ուսումցիները, ընդհանուր հաշվարկում վաստակելով առավելագույն միավորներ, զբաղեցրել են 1-ին պատվավոր հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։
Երկրորդ և երրորդ հորիզոնականները հավասարպես կիսել են թիվ 125 և թիվ 136 դպրոցները ներկայացնող թիմերը։
Հավելենք նաև, որ մեր թիմի կազմում պատվով հանդես են եկել չորրորդ դասարանի աշակերտուհի Նարե Հովհաննիսյանը, ութերորդ դասարանի աշակերտներ Տիգրան Նահապետյանը, Բենիամին Գասպարյանը, Համլետ Սահակյանը։