Ուսումնական անցուդարձ

Apr 15, 2025

Մշակութային կրթության դերն ու անհրաժեշտությունը

Հանրակրթության նոր պետական չափորոշիչն, ի թիվ այլ նորարարությունների, մեծ դեր է հատկացնում արվեստին և գեղագիտական դաստիարակությանը։ Արվեստ, տեխնոլոգիա, կերպարվեստ սրանք մեր դպրոցում դասավանդվող այն երեք առարկաներն են, որոնք նպատակ ունեն խրախուսել սովորողների ինքնուրույն մտածողությունը, նոր գաղափարների ստեղծարարությունը, ինքնաարտահայտման ձևերի կատարելագործումը։

Արվեստի միջոցով երեխաները զարգացնում են գեղեցիկը տեսնելու, գնահատելու և ստեղծելու ունակությունը։ Սա նպաստում է ոչ միայն կերպարվեստի հանդեպ հետաքրքրության, այլև ընդհանուր մշակութային ճաշակի ձևավորմանը։ Թեմայի վերաբերյալ usumschool.am կայքի հետ զրուցել է կերպարվեստի ուսուցչուհի Աննա Երիցյանը։ Անդրադառնալով առարկայից ակնկալվող վերջնարդյունքներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ յուրաքանչյուր առարկա նպատակաուղղված է աշակերտի որևէ հմտության կայացմանը։ Այսպես, մաթեմատիկան զարգացնում է տրամաբանությունը, հասարակագիտությունը բերում է աշակերտի հեշտ սոցիալականացման, իսկ արվեստի բլոկի առարկաները նպատակաուղղված են կիրառական հմտությունների և ճաշակի զարգացմանը։

Անդրադառնալով առարկայի ամենակարևոր առավելությանը, որը բերում է աշակերտների կողմից սիրված լինելուն, Աննա Երիցյանը նշեց ստեղծագործական ազատության հարցը։ «Այստեղ նրանք կարող են լինել ինքնատիպ, չվախենալ սխալվելուց, կայացնել ինքնուրույն որոշումներ ու թելադրել ճաշակ նախ իրենք իրենց, ապա՝ մյուսներին», - վստահ է ուսուցչուհին։

Դասապրոցեսից զատ՝ մեծ կարևորություն ունեն ցուցահանդեսներն ու արվեստի կենտրոններ այցելությունները, որոնց ժամանակ դպրոցի ուսուցիչները շատ հաճախ հանդես են գալիս որպես էքսկուրսավարներ։ Անդրադառնալով վերջիններիս կարևորությանը՝ Ա․ Երիցյանը նշեց, որ դրանց միջոցով աշակերտը ձեռք է բերում իր անհատականությունը կենդանացնելու հնարավորություն և մոտիվացիա։

Իսկ էքսկուրսիաների ժամանակ որպես էքսկուրսավար ներգրավվելը երիտասարադ ուսուցչուհին համարում է շատ կարևոր անձնական փորձառություն իր համար։ 
«Դա միանշանակ շատ ավելին է, քան ամենօրյա դասապրոցեսը։ Նման այցելությունները և դասերը բնօրինակ կտավների դիմաց ունեն առանձնահատուկ շունչ, որն առավել ընկալելի ու ընդարձակ է դարձնում աշակերտ-արվեստ կապը», - եզրափակեց մեր զրույցը Ա․ Երիցյանը։