Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունն է, որի սպառնալիքը, սակայն, դեռևս լիովին հաղթահարված չէ։ Տերմինը 1944 թ․ շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այս տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915 թ․ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Մենք հայերս, թերևս, բոլորից շատ ենք լսում, խոսում ու վերապրում ցեղասպանության հետ կապված հիշողությունները։
Սակայն արդյո՞ք միայն լսելն ու խոսելը բավարար է։ Հանցագործությունները հնարավոր է կանխարգելել ոչ միայն դրանց մասին խոսելով, այլև կրթվելով ու պայքարի ռազմավարությամբ։ Եվ այդ կրթությունը պիտի սկսվի գիտակից տարիքից։ Հենց այս նպատակի իրականացմանն է հետամուտ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Ուսում» դպրոցի արդեն մի քանի տարվա պատմություն ունեցող համագործակցությունը, որը ենթադրում է դպրոցականների պարբերական այցելություններ ու մասնակցություն իրականացվող կրթական նախաձեռնություններին։
1995 թ. ապրիլի 24-ին բացված Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտը, որը կազմելում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը, տարիներ շարունակ գիտահետազոտական առաքելությունից զատ՝ դպրոցականների համար պարբերաբար կազմակերպում է կրթական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն հանրայնացնել պատմական վավերագրերը և արխիվային նյութերը։ Հատկանշական է, որ այցելող դպրոցականները հնարավորություն են ունենում առաջարկվող կրթական բաղադրիչներից ընտրել իրենց համար առավել հետաքրքրականները, որոնք ներառում են լայն սպեկտոր՝ ցեղասպանության տերմինաբանությունից մինչև «Նեմեսիս» օպերացիա, ոճրի իրականացման նպատակներից մինչև մշակութային արժեքների ոչնչացում և այլն։
usumschool.am-ի հետ զրույցում «Ուսում» դպրոցի «Պատմության և մշակույթի» առարկայական մեթոդմիավորման ղեկավար, պատմաբան Մանյա Նաջարյանը նշեց, որ թանգարան-ինստիտուտի այս նախաձեռնությունն իսկապես արդյունավետ է կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, որովհետև մի բան է կարդալ դասագրքից ու լսել ուսուցչին, մեկ այլ բան է տեսնել վավերագրեր ու լսել ականատեսների վկայությունները։
«Ցեղասպանությունը սովորեցնելը պարզապես փաստերի փոխանցում չէ։ Դա ժողովրդի հիշողության պահպանման, մարդասիրության արժևորման և արդարության ձգտման գործընթաց է», - նշում է Նաջարյանը։
Անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք այս թեմայի ուսումնասիրումը հոգեհուզական առումներով որևէ վտանգ չի պարունակում, ուսուցչուհին նշեց, որ մանկավարժ լինելն արդեն ենթադրում է կարողություն հասկանալու, թե ցեղասպանությանն անչվող դրվագներին անդրադառնալիս որ փաստի վրա կենտրոնանալ և որը բաց թողնել։ Ուսուցչուհին կարծում է, որ չնայած թեմայի դասավանդումը դժվար է և ծանր շատ անգամ հենց ուսուցչի համար, բայց կարևոր է մեր օրերում աշխարհում աճող ծայրահեղականության, մեր տարածաշրջանում մեծ թափ առնող հակայկականության և հայկական մշակութային արժեքների յուրացման դեմ պայքարի տեսանկյունից։
Անձամբ ուղեկցելով դպրոցից թանգարանի կազմակերպած նախաձեռնություններին մասնակցող աշակերտներին՝ Մ․ Նաջարյանը նկատել է, որ դասապրոցեսում ամենաքիչ ծավալով ներգրավվող աշակերտն անգամ թանգարանից վերադառնում է տպավորված ու ինֆորմացիայի ու դատողությունների մեծ պաշարով։