Գաղտնիք չէ, որ արտագնա դասերը տեսական նյութի յուրացման ամենաարդյունավետ տարբերակներից մեկն են։ 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասընթացը հնարավորություն է ընձեռում ավագ դպրոցի աշակերտներին ոչ միայն ստանալ մինիմալ պարտադիր գիտելիքներ իրավագիտակից քաղաքացի դառնալու ճանապարհին, այլև ուսումնական նյութից բխող պետական ու հասարակական կառույցներ այցելելով՝ որպես վերջնարդյունք ձեռք բերել նաև գործնական հմտություններ։
Հենց այս վերջնարդյունքի ապահովմանն էր ուղղված ուսումցիների հերթական այցելությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։ 2000 թ. հուլիսին հիմնված կառույցը նպատակ ունի նպաստել Հայաստանում և տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացմանը, միաժամանակ նաև կրթական ծրագրերի անցկացման միջոցով ձևավորել տեղեկացված քաղաքացիական հասարակություն։
Իր քսանամյա գործունեության ընթացքում ԹԻՀԿ-ը դարձել է արդյունավետ կառավարմանը միտված և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հսկողություն իրականացնող առաջատար հասարակական կազմակերպություն Հայաստանում։ Հենց այս վերջին՝ կոռուպցիայի դեմ պայքարին էր նվիրված հերթական կրթական նախաձեռնությունը, որին մասնակից դարձան 11-րդ դասարանի աշակերտները։
Հանդիպման ընթացքում որպես բանախոս հանդես եկավ ՀԿ անդամ Անահիտ Հովակիմյանը, ով անդրադարձավ կոռուպցիա երևույթի ակունքներին, դրա առաջացման հիմնական պատճառներին, դրսևորումներին ու պայքարի ձևերին՝ մատնանշելով արդյունավետ և ոչ արդյունավետ մեխանիզմները։
Հանդիպման նախաձեռնող, պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Արմինե Բարեղամյանի խոսքով՝ ուսուցիչը դպրոցական դասանյութը որքան էլ հետաքրքիր, դինամիկ ու մանրամասն ներկայացնի, միևնույն է՝ բավական կարևոր է, որ աշակերտն ունենա առարկայական օրինակներով թեմային հաղորդակից լինելու հնարավորություն։ «Իսկ հասարակական կազմակերպություններ, պետական պատկան մարմիններ այցելությունները միտված են հենց այդ նպատակի իրականացմանը և պետք է շարունակական լինեն»,- usumschool.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։