Լեզուների առաջացման առեղծվածը մարդկության ամենահետաքրքիր ու միաժամանակ ամենախորհրդավոր պատմություններից է։ Մինչ օրս գիտությունը չի պատասխանել այն հարցին, թե երբ և ինչպես է ծնվել առաջին լեզուն, բայց գիտությունը առաջարկում է մի շարք տեսություններ ու պատմական փուլեր։ Ընդունված է համարել, որ մոտավորապես 2 միլիոն տարի առաջ վաղ հոմինինները (օրինակ՝ Homo habilis, հետո՝ Homo erectus) դեռ ամբողջական լեզու չունեին։ Նրանք հաղորդակցվում էին ձայներով, բղավոցներով, ժեստերով, դեմքի արտահայտություններով։
Ժամանակի ընթացքում ուղեղի զարգացումը, հատկապես խոսքի համար պատասխանատու հատվածների մեծացումը, հնարավորություն է տալիս անցնել ավելի բարդ հաղորդակցման ձևերի։ Մարդու խոսքը հնարավոր է դառնում մի քանի կարևոր գործոնների շնորհիվ՝ կոկորդի կառուցվածքի փոփոխություն, ձայնալարերի զարգացում, ուղեղի լեզվային կենտրոնների ձևավորում և այլն։
Գիտնականները կարծում են, որ ամբողջական լեզվական համակարգը ձևավորվում է մոտ 100–200 հազար տարի առաջ՝ Homo sapiens–ի առաջացման շրջանում։ Երբ մարդիկ սկսում են բնակվել տարբեր աշխարհագրական տարածքներում, լեզուն բաժանվում է։ Տարածքային մեկուսացումը հանգեցնում է նրան, որ արտասանությունը փոխվում է, բառապաշարը զարգանում է տարբեր ուղղություններով, ձևավորվում են նոր լեզուներ։ Օրինակ՝ հնդեվրոպական նախալեզվից ժամանակի ընթացքում առաջանում են հունարենը, լատիներենը, սանսկրիտը և այլ լեզուներ, իսկ դրանց թվում՝ մեր հպարտությունը՝ հայերենը։
Հենց այդ հպարտության փառաբանման ու արժևորման համար էլ Գրքի տոնի և Մայրենիի շաբաթվա շրջանակներում բեմում էին վեցերորդցիները։ Բեմադրությունը սկսվում էր Բաբելոնի աշտարակի մասին պատմությամբ, որը լեզուների առաջացման կրոնական տեսության հիմքն է։ Ասում են՝ մարդիկ, որոնք խոսում էին մեկ լեզվով, որոշում են կառուցել աշտարակ՝ հասնելու երկինք ու Աստծուն։ Աստված խառնում էր նրանց լեզուները, և մարդիկ սփռվում են աշխարհով մեկ։ Այս պատմությունը, չնայած գիտական հիմնավորում չունի, սակայն հիշեցնում է, որ լեզուն ձևավորում է ժողովրդի ճակատագիրը, իսկ դրա պառակտումից պառակտվում է նաև ժողովուրդը։
Ուսումցիների պատմական մտաճամփորդությունն այնուհետև անցնում էր հայոց լեզվի հնագույն արմատներին։ Ներկայացման ընթացքում շեշտվում էր այն կարևոր միտքը, որ հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է և ունի բացառիկ պատմական ուղի։ Այն ոչ միայն գոյատևել է հազարամյակներ, այլև դարձել է ազգի ինքնության հենասյունը։ Միջոցառման առանցքային հատվածներից մեկը նվիրված էր հայոց գրերի ստեղծմանը։ Բեմում կենդանանում էր այն ժամանակաշրջանը, երբ եկեղեցական արարողությունները կատարվում էին օտար լեզուներով, և ժողովուրդը չէր հասկանում աղոթքի խոսքը։ Երկխոսությունների միջոցով աշակերտները ներկայացնում էին այն ցավն ու ցայտնոտը, որն ապրում էր հավատացյալ ժողովուրդը։
Այդ լարված պահին բեմ էր բարձրանում Մեսրոպ Մաշտոցի կերպարը՝ հստակ պատգամով․ լեզուն, որը չի գրվում, մոռացվում է։ Հայոց գրերի ստեղծումը ներկայացվում էր ոչ միայն որպես լեզվական, այլև որպես ազգապահպան քայլ։ Թվի դեմ՝ թռիչք, արյան դեմ՝ թանաք, թրի դեմ՝ գրիչ․ սա, թերևս, գաղափարապես ամենատպավորիչ միտքն էր, որն իր մեջ խտացնում էր ողջ միջոցառման ասելիքը։
Միջոցառումը հագեցած էր նաև փաստական դրվագներով։ Այն մեր լեզվի զարգացման երեք պատմական ժամանակաշրջանների տարեգրությունն էր, որտեղ գրաբարը ներկայացվում էր որպես աստվածային խոսքի լեզու՝ սրբազան ու հանդիսավոր, միջին հայերենը՝ որպես կամուրջ հնի ու նորի միջև, որտեղ լեզուն սկսում է խոսել մարդու մասին, արտահայտել զգացմունք, սեր, կարոտ։ Իսկ աշխարհաբարը ներկայացվում էր իր արևելահայ և արևմտահայ ճյուղերով՝ ամփոփելով ժամանակակից հայի կենդանի խոսքը։
Բեմում հայ գրողների ամենավառ տողերն էին՝ Մուշեղ Իշխանի ազդեցիկ արևմտահայերենից մինչև Համո Սահյանի հայրենաշունչ արևելահայերեն, որի ամենահիշվող միտքն էլ դարձավ միջոցառման խորագիրը․ «Մեր լեզուն մենք ենք, որ կանք»։
Միջոցառումը յուրօրինակ կերպով անդրադառնում էր բարբառներին, դրանց բազմազանությանը՝ ներկայացնելով ոչ թե որպես մեր ժողովրդի բաժանվածության, այլ յուրահատկությունների դրսևորում։ Ուսումցիներն այն հավատամքի կրողն են, որ բարբառները ոչ թե «հին» կամ «անցած» ձևեր են, այլ ազգային բազմազանության արժեքավոր շերտեր, որոնք արժանի են պահպանության։
Բավական մտահոգիչ կերպով աշակերտներն անդրադառնում էին օտար բառերի անհարկի օգտագործմանը։ Ժամանակակից դպրոցականների երկխոսության միջոցով ցույց էր տրվում, թե որքան հաճախ է հայերենը փոխարինվում օտար բառերով առօրյա խոսքում անգամ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա։ Միջոցառման ավարտը յուրօրինակ կոչ էր սերունդներին․ «Ե՛կ խոսենք, եղբա՛յր իմ, հայերեն»։